ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ հանդիպում 23-րդ սուրդլիմպիկ խաղերում մեդալներ նվաճած հայ մարզիկների հետ

28 հուլիս 2017
Այսօր՝ հուլիսի 28-ին, «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության մարզապալատում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի Հանրապետության խուլ մարզիկների հավաքականի անդամների հետ, որոնք մեդալներ են նվաճել Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 23-րդ ամառային սուրդլիմպիկ խաղերում: 

Մարզիկներին, մարզիչներին և Սամսուն մեկնած Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամներին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի ողջույնի խոսքն ու շնորհավորանքները փոխանցեց նախարարության աշխատակազմի մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը: «2017 թվականի սուրդլիմպիկ խաղերին մեր խուլ մարզիկների նախապատրաստական մարզումները մշտապես գտնվել են նախարար Ռոստոմյանի ուշադրության կենտրոնում: Հետևողական մարզումների շնորհիվ այս անգամ մեր տղաները վերադարձան 5 մեդալով: Սա աննախադեպ ձեռքբերում է Հայաստանի խուլ մարզիկների հավաքականի անդամների համար: Վստահ եմ՝ մյուս խաղերին մեր մարզիկները ավելի շատ մեդալներ կնվաճեն, այդ թվում նաև՝ ոսկե»,- ասել է Լ. Վահրադյանը: 

Հիշեցնենք, որ այս խաղերում ձյուդոյիստ Ռոբերտ Գևորգյանը (60 կգ) դարձել է խաղերի փոխչեմպիոն, իսկ հունա-հռոմեական ըմբիշներ Ժորա Գրիգորյանը (71 կգ), Արարատ Սարգսյանը (75 կգ), Նարեկ Նիկողոսյանը (80 կգ), ինչպես նաև ազատ ոճի ըմբիշ Սարգիս Սարգսյանը (57 կգ) նվաճել են բրոնզե մեդալներ:
Ետ գնալ