ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի ունեցավ ««Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծի հանրային քննարկումների շարքի առաջին քննարկումը

07 հունիս 2017
Տեղի ունեցավ «Տարվա լավագույն հայ մարզիկ» մրցույթի կազմակերպման և անցկացման կանոնակարգի» նախագծի հանրային քննարկումների շարքի առաջին քննարկումը, որին մասնակցում էին մարզաձևերի ազգային ֆեդերացիաների, մարզական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, պետական կառույցների ներկայացուցիչներ:  
Նախագծի մշակման հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը մանրամասն ներկայացրեց հանձնաժողովի վերջին շրջանում կատարած աշխատանքը, հիմնական սկզբունքները, որոնք կիրառվել են նախագիծը մշակելիս: 

Ա. Քարամյանը նշեց, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության խնդիրն է անել հնարավոր ամեն բան, որպեսզի Հայաստանի մարզիկների լավագույն տասնյակի տարեվերջյան ընտրության վերաբերյալ չլինեն տարընկալումներ, որպեսզի ընդունված որոշումները և առաջին հերթին որոշումների կայացման հիմքում դրվող մոտեցումներն ու սկզբունքները լինեն հասկանալի:  

Ներկայացվեցին կանոնակարգի նախագծի վերաբերյալ ստացված գրավոր առաջարկությունները: 

Նախագծի վերաբերյալ իրենց կարծիքները հայտնեցին Հանրային խորհրդի ներկայացուցիչ Կարլոս Ղազարյանը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Հայկ Կարապետյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Սերգեյ Սարուխանյանը, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչ Միքայել Իսպիրյանը, Հայաստանի մարզական լրագրողներ ֆեդերացիայի նախագահ Յուրա Ալեքսանյանը, Հայաստանի սամբոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: 

Ծավալված քննարկումների արդյունքում հանձնաժողովի կողմից առաջարկվեց այս ձևաչափով հանդիպումների շարքն ընդմիջել տասնօրյա ժամկետով՝ ստացված սկզբունքային առաջարկությունները կանոնակարգի նախագծում ներառելու և լրամշակված տարբերակը կրկին հանրության դատին ներկայացնելու համար: Ամոփոփելով հանդիպումը՝ Ա. Քարամյանը նշեց, որ լրամշակված կանոնակարգը ըստ էության հստակ պատասխաններ պետք է պարունակի միջազգային ամենատարբեր հարթակներում բարձր մարզական նվաճումներ արձանագրած, խաղային մարզաձևերի Հայաստանի առաջնություններում աչքի ընկած մարզիկների, ինչպես նաև ամբողջ աշխարհում իրենց մրցելույթներով հայ ժողովրդի ճանաչելիությանը նպաստած մարզիկների՝ «Տարվա լավագույն հայ մարզիկ» անվանակարգում առաջադրման և ընտրության վերաբերյալ:
Ետ գնալ