ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քննարկում՝ հաշմանդամային սպորտի խնդիրների վերաբերյալ

04 հունիս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ հաշմանդամային սպորտի խնդիրների վերաբերյալ, որը վարել է նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը:

Քննարկմանը ներկա հաշմանդամային սպորտը ներկայացնող հասարակական կազմակերպությունների անդամները, հաշմանդամություն ունեցող մարզիկները և մարզիչները ներկայացրել են հաշմանդամային սպորտի խնդիրները և խնդրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ավելի ակտիվ մասնակցությունը՝ այդ խնդիրները լուծելու համար: 

Լսելով քննարկման մասնակիցներին՝ Վ. Էլոյանը փաստել է, որ խնդիրները պետք է դասակարգել մի քանի ուղղություններով՝ ֆինանսական, կազմակերպչական, մարզումային, համակարգային և այլն: «Կարծում եմ՝ անհրաժեշտ է համախմբել հաշմանդամային սպորտի խնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներուժը՝ ստեղծելով մեկ միասնական մարմին: Առկա խնդիրների լուծման արդյունավետ ճանապարհ եմ համարում համագործակցությունը մեր նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ: Մեր մասնագետները պատրաստ են ցուցաբերել ցանկացած օգնություն»,- ասել է աշխատակազմի ղեկավարը:

Վ. Էլոյանը նաև հորդորել է ակտիվորեն մասնակցել հաշմանդամային սպորտի հայեցակարգից բխող միջոցառումների ծրագրի քննարկմանը, ներկայացնել համապատասխան առաջարկություններ, որոնք էլ նախարարությունը կներկայացնի ՀՀ կառավարության քննարկմանը: «Ցանկացած խոչընդոտ հնարավոր է հաղթահարել հետևողական և կազմակերպված աշխատանքի շնորհիվ: Մենք ակտիվորեն աշխատելու ենք ձեր բարձրացրած խնդիրներին լուծում տալու ուղղությամբ»,- ասել է նա:
Ետ գնալ