ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պարգևատրման արարողություն՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում

17 դեկտեմբեր 2018
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի է ունեցել 2018 թվականին իրականացված մարզական մասսայական միջոցառումների մրցանակակիրների պարգևատրման արարողությունը: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը գավաթներ և հավաստագրեր է հանձնել Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախի Հանրապետությունում անցկացված մարզական փառատոնի մրցանակակիր համայնքներին:  

Փառատոնին մասնակցել են Հայաստանի Հանրապետության 43 քաղաքային, 5 գյուղական համայնք և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքը: Հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքը, 2-րդ տեղը զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքը, իսկ 3-րդ տեղը` ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքը: 

Գաբրիել Ղազարյանը գավաթներ, հավաստագրեր և դրամական պարգևներ է հանձնել նաև Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների սպարտակիադայի մրցանակային տեղեր զբաղեցրած մարզերին: Այս տարի անցկացված սպարտակիադայի հաղթող է ճանաչվել և 450.000 դրամով պարգևատրվել ՀՀ Լոռու մարզը (1020 միավոր), 2-րդ տեղն է գրավել և 350.000 դրամով պարգևատրվել Արցախի Հանրապետությունը (940 միավոր)։ 3-րդ տեղը գրաված ՀՀ Շիրակի մարզը (655 միավոր) արժանացել է 250.000 դրամ պարգևի:

Ամփոփվել են նաև Հանրապետական ուսանողական մարզական խաղերը, որոնց հաղթողները նույնպես արժանացել են գավաթների, հավաստագրերի և մեդալների: 1-ին տեղը գրաված Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը պարգևատրվել է 400.000 դրամով, 2-րդ տեղը գրաված Երևանի պետական համալսարանը՝ 300.000 դրամով և 3-րդ տեղը գրաված Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ 200.000 դրամով: 

Հիշեցնենք, որ հանրապետական ուսանողական մարզական խաղերն անցկացվել են յոթ մարզաձևերից` ֆուտզալ, բասկետբոլ (աղջիկ, տղա), վոլեյբոլ (աղջիկ, տղա), սեղանի թենիս, ուժային եռամարտ, հնգամարտ, բազկամարտ և հրաձգություն:
Ետ գնալ