ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարը մասնակցել է Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված մարտարվեստների փառատոնին

13 նոյեմբեր 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը ներկա է գտնվել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի 25-ամյակին նվիրված մարտարվեստների փառատոնին: 

Նախարարն իր խոսքում կարևորել է մարտարվեստների՝ որպես մասսայականություն վայելող մարզաձևերի դերը մարզվելու և առողջ կենսակերպ վարելու գործում: «Ուշուի և փառատոնին մասնակից մարտարվեստների մյուս ֆեդերացիաների ձեռքբերումներն ապացուցում են, որ կանոնակարգված աշխատանքը առավել լավ արդյունքներ է տալիս: Սա հաստատում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ արևելյան մարտարվեստների ֆեդերացիաների գործունեությունը կանոնակարգելու ուղղությամբ որդեգրած քաղաքականության ճշմարտացիությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Հրաչյա Ռոստոմյանը: 

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը նախարարին նվիրել է խորհրդանշական սուր, իսկ գործընկեր ֆեդերացիաների նախագահներին՝ գավաթներ, ֆեդերացիայի երախտավորները, մարզիչները և մրցավարները պարգեւատրվել են պատվոգրերով: 

Միջոցառմանը ցուցադրական ելույթներով հանդես են եկել Հայաստանի այկիկենդո կարատեի, Հայաստանի այկիդո-այկիկայ, Հայաստանի քիք-բոքսինգի, Հայաստանի կիոկուշին կարատեի, Հայաստանի ավանդական կարատեի ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Ետ գնալ