ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Վահրադյանն ընդունել է Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի անդամներին

03 օգոստոս 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանը Հայաստանի ռաֆթինգի ֆեդերացիայի անդամների հետ քննարկել է մեր երկրում մարզաձևի զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերը: 

Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի կողմից մարզական ռաֆթինգի զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ տեղեկացնելով ռաֆթինգով զբաղվող հայ մարզիկների՝ միջազգային մրցումներին մասնակցության, մարզիկների և հրահանգիչների ընդհանուր թվաքանակի մասին: «Մարզաձևի առանձնահատկությունները թույլ են տալիս այն կիրառել սպորտային տուրիզմի զարգացման, լեռնային ջրափրկարարական աշխատանքների իրականացման և հատկապես՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին ֆեդերացիայի կողմից անցկացվող միջոցառումներում ընդգրկելու համար»,- նշել են հյուրերը: 

Տեղեկանալով, որ ֆեդերացիան ցանկանում է Հայաստանում կազմակերպել ռաֆթինգի Եվրոպայի գավաթի խաղարկություն, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը պատրաստակամություն է հայտնել ֆեդերացիային ցուցաբերել մեթոդական և կազմակերպչական աջակցություն՝ այդ մրցաշարի կազմակերպման համար: 

Հյուրերը նախարարին հրավիրել են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Դեբեդ գետի վրա օգոստոսի 11-ին անցկացվելիք ռաֆթինգի փառատոնին:
Ետ գնալ