ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ

01 սեպտեմբեր 2015
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ: 

Նախարարին ուղեկցել է ԲՈՒՀ-ի խորհրդի նախագահ, նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ում ջանքերով նոր ուսումնական տարվա նախաշեմին վերանորոգվել է շուրջ 600 քմ լսարանային տարածք, իսկ «Բարեպաշտ Սերունդ» հիմնադրամի միջոցներով վերանորոգված լսարանների համար ձեռք է բերվել անհրաժեշտ համակարգչային տեխնիկա: Ընդհանուր կատարվել է շուրջ 25 մլն դրամի աշխատանք և ձեռքբերում: 

Նախարարը խորհրդի նախագահի ուղեկցությամբ ծանոթացել է կատարված աշխատանքներին և մասնակցել բուհում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: 

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես են եկել ՖԿՀՊԻ ռեկտոր Վ. Առաքելյանը, ՖԿՀՊԻ խորհրդի նախագահ Ա. Քարամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գ. Ղազարյանը:

Նախարար Ղազարյանը, ողջունելով բուհի դասախոսական անձնակազմին, առաջին կուրսեցիներին, շնորհավորել է Գիտելիքի և կրթության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ու մաղթել ամենայն բարիք:
«Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, վստահ եմ, որ դուք ուսումնառության ընթացքում մեկ անգամ ևս կհամոզվեք, որ ճիշտ եք կողմնորոշվել՝ ընտրելով ֆիզիկական դաստիարակություն և սպորտային պատրաստություն մասնագիտությունները: Ուսումնառության ընթացքում ձեզ կդասավանդեն մեր հանրապետության լավագույն մասնագետները, գիտնականները և մարզիչ-մանկավարժները: Ձգտե՛ք ձեռք բերել խորը գիտելիքներ և հմտություններ, որպեսզի դառնաք ֆիզկուլտուրայի լավ ուսուցիչներ, մարզիչներ, առողջարարական ֆիզկուլտուրայի մասնագետներ և մարզական լրագրողներ: Չպետք է մոռանալ, որ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը այսօր ճանաչված է եվրոպական կրթական տարածքում, և դա մեծ պատիվ է բոլորիս համար»,- իր խոսքում ասել է նախարարը:
Ետ գնալ