ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանն այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքականին և Երևանում ներկա է գտնվել Սահմանադրության օրվան նվիրված հեծանվավազքի մրցույթին

06 հուլիս 2015
Երեկ՝ հուլիսի 5-ին, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ այցելել է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաք անցկացնող հեծանվային սպորտի հավաքական թիմի անդամներին, որոնք պատրաստվում են եվրոպական մրցաշարերի` երիտասարդական առաջնությանը (Հունաստան) և պատանեկան oլիմպիական ամառային փառատոնին (Վրաստան): 

Նախարար Ղազարյանը քաջալերել է հեծանվորդներին՝ նշելով, որ մասնակցելով միջազգային մրցաշարերի՝ բոլոր հայ մարզիկները չպետք է մոռանան, որ իրենք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը և անեն առավելագույնը մեր հայրենիքը արտերկրում արժանավայել ներկայացնելու համար: 

Գ. Ղազարյանը և Ա. Սահակյանը զրուցել են մարզիկների հետ և նրանց մաղթել հաջողություններ առաջիկա մրցաշարերում: Նախարարը ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել է նաև հեծանվային սպորտի զարգացման հետագա ուղիները և այդ ուղղությամբ կատարվելիք համատեղ ծրագրերը:

Նույն օրը նախարար Ղազարյանը ներկա է գտնվել Սահմանադրության օրվա առիթով Երևանում «GMG մեդիա գրուպ» ընկերության կազմակերպած հեծանվավազքի մրցույթին: 

«Առողջ ապրելակերպի և մասսայական սպորտի քարոզումը նախարարության առաջնահերթ ծրագրերից է, որի իրագործման համար պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կազմակերպությունների հետ: Այդ տեսանկյունից ողջունելի եմ համարում «GMG մեդիա գրուպի» այս ձեռնարկը: Սա մեր առաջին համատեղ մարզական միջոցառումն է, սակայն, հուսով եմ, ոչ վերջինը: Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջող երթ»,- նշել է նախարարը: 

Հեծանվավազքի մեկնարկը տրվել է Երևանի Հանրապետության հրապարակից և ավարտվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում: Նախարար Ղազարյանը մրցանակներ է հանձնել առաջին տեղը գրաված Միքայել Նահապետյանին, ինչպես նաև երկրորդ և երրորդ տեղերը գրաված Մարիաննա Օհանյանին ու Արտյոմ Հովհաննիսյանին: Մրցանակակիր եռյակից բացի հավաստագրեր են ստացել նաև մրցավազքի բոլոր մասնակիցները:
Ետ գնալ