ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատարի ուղերձը՝ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ

09 նոյեմբեր 2018
Սիրելի՛ երիտասարդներ, շնորհավորում եմ ձեզ Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ: 1945 թվականի նոյեմբերի 10-ին Լոնդոնում կայացած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվեց Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը, որի առաջնահերթ նպատակն էր երիտասարդական կազմակերպությունների համախմբմամբ պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության և երիտասարդների իրավունքների պաշտպանության։ 

Հայաստանի Հանրապետության երիտասարդությունն իր գործուն և ակտիվ մասնակցությունն ունի մեր երկրի հասարակական, քաղաքական, տնտեսական, մարզական և մշակութային ոլորտներում և, իհարկե, մեր հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում: 

Վստահեցնում եմ, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից տարվող երիտասարդական պետական քաղաքականությունն ուղղված է ձեր խնդիրների լուծմանը, ձեր նախընտրած ոլորտներում կայացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: 

Սիրելի՛ երիտասարդներ, մաղթում եմ ձեզ ուժ, եռանդ, լավատեսություն և անկոտրում կամք՝ ձեր երազանքներն ու և նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:
Ետ գնալ