ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացել է քննարկում՝ մարզադպրոցների տնօրենների մասնակցությամբ

06 մարտ 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանն այսօր՝ մարտի 6-ին հրավիրված հանդիպման ժամանակ նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների տնօրենների հետ քննարկել է աշխատանքային, կարգապահական և կազմակերպչական բազմաթիվ հարցեր: 

Նախարարի տեղակալը հորդորել է խստորեն առաջնորդվել ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի որոշման դրույթներով, որով սահմանված են մանուկների և պատանիների ֆիզիկական կուլտուրայով և սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պայմանների նվազագույն չափորոշիչները: «Շարունակե՛ք խստորեն հետևել ՀՀ կառավարության կողմից սահմանված չափորոշիչներին: Նախարարության կողմից կազմակերպվելու են անակնկալ շրջայցեր՝ պարզելու համար, թե որ մարզաձևից քանի խումբ կա տվյալ մարզադպրոցում, արդյոք սաներն անցնում են պարտադիր բուժզննում, ինչպես են կազմակերպվում ներքին առաջնությունները և այլն»,- ասել է Գ. Ղազարյանը: 

Տնօրենների հարցերի շրջանակը վերաբերել է մարզագույքին, մարզադպրոցների շենքային պայմաններին և տեխնիկական հագեցվածության բացակայությանը: Նրանք ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը խնդրել են միջնորդել համապատասխան գերատեսչությանը՝ անհրաժեշտության դեպքում մոտակայքում տեղակայված հանրակրթական դպրոցներում առկա մարզաբազաներից օգտվելու հնարավորություն տալու համար։
Ետ գնալ