ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպել է ճապոնական մարտարվեստների «Բուդո» փառատոն

08 սեպտեմբեր 2016
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության հետ համատեղ կազմակերպում է ճապոնական մար-տարվեստների «Բուդո» փառատոն, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 8-ից 11-ը:

Այս մասին այսօր նախարարության դահլիճում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել են Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչին, Ճապոնիայի շինջուկու կենդո ֆեդերացիայի սենսեյ Միցունորի Մացումուրան, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միխայելյանը, Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը և Հայաստանի «Կենդո» ակումբի նախագահ Արթուր Պողոսյանը:

Փառատոնի եզրափակիչ օրը Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության մարզադահլիճում Հայաստանի ձյուդոյի, այկիդո այկիկայ, բուդոշին և կարատեի ֆեդերացիաների ավելի քան 200 ներկայացուցիչներ հանդես են գալու ցուցադրական ելույթներով: Ցուցադրական ելույթներով հանդես են գալու նաև Ճապոնիայից ժամանած բարձրակարգ վարպետներ: Փառատոնի շրջանակներում Երևանում գտնվող ճապոնական Կենդո մարզաձևի սենսեյները երկօրյա սեմինարներ են անցկացնելու Երևանում և Վանաձորում:

Նշենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի և Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիի միջև փառատոնի անցկացման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել դեռևս մայիս ամսին՝ նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ:
Ետ գնալ