ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին հանձնվեց 2018 թվականի ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջևանին

29 դեկտեմբեր 2017
«Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» պատվավոր տիտղոսի խորհրդանշական բանալին Չարենցավանից հանձնվեց 2018 թվականին ՀՀ երիտասարդական մայրաքաղաք հռչակված Իջևանին: 

Տարվա ամփոփիչ միջոցառմանը ներկա էին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Չիլինգարյանը, Իջևան համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Ճաղարյանը և այլ պաշտոնատար անձինք: 

Խորհրդանշական բանալու հանձնման արարողությունը ուղեկցվեց տոնական համերգով, որտեղ ելույթ ունեցան Գառզուի անվան արվեստի դպրոցի սաները, Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի սաները, երգչուհի Սոնա Շահգելդյանը եւ այլք: 

Հիշեցնենք, որ «Հայաստանի տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի նպատակներն են՝ 

•խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը, 

•զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ և գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, 

•խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղերում մշակել երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել, 

•նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը:
Ետ գնալ