ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը՝ Աղվերանում

15 նոյեմբեր 2017
2017 թվականի նոյեմբերի 15-18-ը Աղվերան հանգստի գոտում՝ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից, տեղի կունենա հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը: 

Համաժողովի թեմատիկ ուղղություններն են՝ Եվրասիական տնտեսական միության նոր հնարավորությունները, երիտասարդության շարժունակություն և փոխազդեցություն, պետական երիտասարդական քաղաքականություն, սոցիալական երաշխիքներ երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին, երիտասարդական նորարարություն, նախաձեռնություններ և առևտրայնացում, ծրագրային գործունեություն, միջազգային և միջտարածաշրջանային հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգություն. երիտասարդական հայացք, երիտասարդների զբաղվածության խնդիրներ, երիտասարդական ձեռներեցություն, երիտասարդական տեղեկատվական ոլորտ, էլեկտրոնային լրատվամիջոցներ, բլոգոսֆերա։ 

Համաժողովին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության երիտասարդության ոլորտի 80 ներկայացուցիչներ՝ պետական պաշտոնյաներ, ազգային պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատու աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, հետազոտողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Համաժողովի հիմնական նպատակներն են՝ աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել քաղաքականության համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների արծարծումը և խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը: 

Համաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա 2017 թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 10.00 11.00-ը, Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցում:
Ետ գնալ