ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Լոռեցյանի հանդիպումների այսօրվա օրակարգով նախատեսված էին հանդիպումներ Հայաստանի աթլետիկայի, մարմնամարզության և նետաձգության ֆեդերացիաների հետ

06 նոյեմբեր 2018
Մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանի հանդիպումների այսօրվա օրակարգով նախատեսված էին հանդիպումներ Հայաստանի աթլետիկայի, մարմնամարզության և նետաձգության ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: 

Հանդիպմանը մասնակցող Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վահագն Ջավախյանը և հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը կարևորել են նոր վազքուղու անհրաժեշտությունը, որը կծառայի ոչ միայն ատլետների, այլև մյուս մարզաձևերով զբաղվող մարզիկների մարզումները կազմակերպելուն: 

Նախարարի տեղակալի հետ հանդիպմանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից մասնակցել են ֆեդերացիայի նախագահ, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը, հավաքականների գլխավոր մարզիչներ Հակոբ Սերոբյանը, Եղիսաբեթ Չաթրջյանը և Գայանե Ներսիսյանը: Ներկայացվել են ֆեդերացիայի կողմից իրականացվող ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է եղել մարզագույքի խնդրին և մարզադահլիճների վատ պայմաններին: 

«Մեծ պատիվ է Ալբերտ Ազարյանի պես լեգենդար մարզիկ ունենալը: Մեր կողմից կփորձենք այնպես անել, որ Հայաստանում վերականգնվեն մարմնամարզության դպրոցի լավ ավանդույթները»,- ասել է Գևորգ Լոռեցյանը: 

Հայաստանի նետաձգության ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Պետրոս Ամիրյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի կարծիքով՝ պետական ֆինանսական աջակցության ավելացումը կնպաստի Հայաստանում նետաձգության զանգացմանը: Նախարարի տեղակալին չեն գոհացրել ֆեդերացիայի կատարած աշխատանքները: Համամիտ չլինելով պետական ֆինանսավորման չափի ավելացման անհրաժեշտության մասին հյուրերի կարծիքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ նետաձգության զարգացման համար անհրաժեշտ է ունենալ կոնկրետ տեսլական և մշակել զարգացման ծրագիր: 

«Պետական աջակցությունը լինելու է համակարգային, կազմակերպչական կամ մեթոդական, իսկ ֆեդերացիայի գործառույթը պետք է լինի մարզաձևի զարգացման ծրագրերի իրականացումը և դրանց ֆինանսական բաղադրիչի ապահովումը»,- ասել է Գ. Լոռեցյանը:
Ետ գնալ