ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գաբրիել Ղազարյանն ընդունել է «Ասիայի երեխաներ» միջազգային մարզական խաղերին մասնակցող պատանի լեռնադահուկորդներին

05 փետրվար 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ-նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել է «Ասիայի երեխաներ» («Дети Азии») միջազգային ձմեռային խաղերին մասնակցող պատանի հայ լեռնադահուկորդներին, որոնք Հայաստանի Հարապետությունը կներկայացնեն 2019 թվականի փետրվարի 8-ից 17-ը ՌԴ Յուժնո-Սախալինսկ քաղաքում կայանալիք մարզական խաղերում: 

Գաբրիել Ղազարյանը ողջունել է պատանի մարզիկներին, մաղթել է նրանց հաջող մրցելույթներ և հորդորել պատվով ներկայացնել Հայաստանն այդ պատասխանատու մրցաշարում: «Եկել է պահը, որպեսզի ինքներդ՝ ձեզ, ձեր մարզիչներին և մարզասերներին ապացուցեք, որ երկար տարիների աշխատանքը և մարզումները տվել են իրենց արդյունքը, որ հայ մարզիկները կարող են հաջող հանդես գալ նաև ձմեռային մարզաձևերում: Սա ձեր մարզական կենսագրության մեջ նոր ու կարևոր էջ է, որը պետք է պատվով հաղթահարեք»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: 

Լեռնադահուկորդներ Նախապետ Նախապետյանից և Հայկ Գեղամյանից բացի մրցավայր է մեկնելու նաև մոսկվաբնակ գեղասահորդ Էդուարդ Տեր-Ղազարյանը: 

Նշենք, որ «Ասիայի երեխաներ» միջազգային ձմեռային խաղերն անցկացվում են առաջին անգամ: Մասնակիցները մրցելու են 8 մարզաձևից՝ գեղասահք, հոկեյ, շորթ-տրեկ, լեռնադահուկային սպորտ, սնոուբորդ, բիատլոն, դահուկավազք և թռիչք տրամպլինից:
Ետ գնալ