ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 17-ին կհայտարարվի Հանրապետական ուսանողական մարզական խաղերի հաղթող բուհի անունը

04 դեկտեմբեր 2018
Սեղանի թենիսի երեկ ավարտված մրցումներից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփվեցին «Հանրապետական ուսանողական մարզական խաղերի» արդյունքները: 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Հանրապետական ուսանողական մարզական խաղերի» ծրագրով անցկացվող սեղանի թենիսի մրցումներում՝ տղաների անհատական մրցապայքարում, հաղթող է ճանաչվել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Հակոբ Բերբերյանը, 2-րդ տեղը գրավել է նույն բուհը ներկայացնող Միքայել Դարբինյանը, իսկ 3-րդ տեղը՝ Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչ Նարեկ Գրիգորյանը: Աղջիկների մրցապայքարում լավագույնը Վ. Բյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Արմինե Պետրոսյանն է, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են Հայ-ռուսական համալսարանը ներկայացնող Տաթևիկ Մելիքյանը և Անի Հակոբյանը: 

Հայտնի են դարձել նաև սեղանի թենիսի մրցումներում թիմային հաշվարկով մրցանակային տեղեր զբաղեցրած բուհերի անունները. 1-ին տեղ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 2-րդ տեղ՝ Հայ-ռուսական համալսարան և 3-րդ տեղ՝ Վ. Բյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան: 

Ավելի վաղ ամփոփվել էին նաև նույն ծրագրով անցկացվող վոլեյբոլի և բասկետբոլի մրցումների արդյունքները: Վոլեյբոլի մրցումների տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի թիմը, 2-րդ տեղը՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի թիմը և 3-րդ տեղը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը: Աղջիկների պայքարում հաղթող է ճանաչվել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի և 3-րդ տեղը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը: 

Բասկետբոլի մրցումների տղաների պայքարում հաղթող է ճանաչվել Երևանի պետական համալսարանի թիմը, 2-րդ տեղը գրավել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը և 3-րդ տեղը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թիմը: Աղջիկների պայքարում հաղթել են Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհիները, 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմը և 3-րդ տեղը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմը:
Ետ գնալ