ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր հայտնի կդառնան «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի մրցանակակիր նախագծերը

04 դեկտեմբեր 2017
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին Երևանում կկայանա «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլ անցած լավագույն նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների ցուցահանդես-ներկայացումը: 

Ցուցահանդես-ներկայացումից հետո տեղի կունենա փորձագիտական հանձնաժողովի նիստ և հեղինակների (հեղինակային խմբերի) կողմից նախագծերի պաշտպանություն (ներկայացման ձևով): Նիստի ավարտին հանձնաժողովը, ըստ հաստատված անվանակարգերի, կհրապարակի նախագծերի վերջնական գնահատականները և կներկայացնի դրանք կազմկոմիտեին՝ հանձնաժողովի գնահատականներն ամփոփելու և երեք հաղթող նախագծերի անունները հանրայնացնելու համար: 

Այնուհետև տեղի կունենա մրցույթի ամփոփման հանդիսավոր արարողությունը: Մրցույթի հաղթողները կստանան առաջին, երկրորդ և երրորդ կարգի խրախուսական պարգևներ և հավաստագրեր: 

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթը մշակվել և իրականացվում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, երիտասարդներին ներգրավել Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներ և նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:  

2017 թվականից մրցույթը դարձել է համահայկական, և մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեն Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդները կամ հեղինակային խմբերը:
Ետ գնալ