ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2019 թվականի երիտասարդական մայրաքաղաքը Վանաձորն է

24 դեկտեմբեր 2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ամփոփված «Երիտասարդական մայրաքաղաք-2019» մրցույթի SMS քվեարկության և փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք է ընտրվել Վանաձոր քաղաքը: 

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել Հայաստանի երեք քաղաքներ՝ Արմավիրը, Կապանը և Վանաձորը: 

Մինչ արդյունքների ամփոփումը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը նշել է, որ անցած մի քանի շաբաթների ընթացքում մասնագիտական այցելություններ են եղել բոլոր հայտատու քաղաքներ, տրվել են գնահատականներ փորձագիտական խմբի ներկայացուցիչների կողմից: «Փորձագետների աշխատանքից բացի՝ անցկացվել է նաև SMS քվեարկություն, և հիմա պահն է ամփոփելու ունեցած գնահատականները՝ որոշելու համար հաջորդ տարվա երիտասարդական մայրաքաղաքը»,- ասել է նախարարի տեղակալը։ Հանրագումարի բերելով SMS քվեարկության և փորձագիտական խմբի ուսումնասիրությունների արդյունքները՝ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Վանաձորը։

«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակն է խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել, նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը։
Ետ գնալ