ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Ռոստոմյանն ընդունել է FIBA-ի գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբային

05 ապրիլ 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) գլխավոր քարտուղարի խորհրդական Լուբոմիր Կոտլեբային (Lubomir Kotleba): 

Հ. Ռոստոմյանը հյուրին տեղեկացրել է սպորտի ոլորտում մեր երկրի պետական քաղաքականության, ռազմավարական մոտեցումների, ինչպես նաև տարբեր մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին հատկացվող պետական ֆինանսավորման մասին: «Մեր երկիրն այսօր գտնվում է աշխարհաքաղաքական բարդ իրավիճում, սակայն անգամ այդ պայմաններում ՀՀ կառավարության կողմից ֆինանսական միջոցներ են հատկացվում սպորտի ոլորտին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գործունեության հիմնական ուղղություններից են մանկապատանեկան սպորտի զարգացումը և սպորտի մասսայականացումը: Ինչ վերաբերում է սպորտի բարձրագույն նվաճումներին, ապա այդ առաքելությունն իրականացվում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ հայկական բասկետբոլը առաջընթաց է ապրում, և ֆեդերացիայի ուշադրության կենտրոնում են ոչ միայն Հայաստանի բասկետբոլի տարբեր տարիքային խմբերի հավաքականները, այլ նաև ակումբային բասկետբոլը: 

Լուբոմիր Կոտլեբան տեղեկացրել է, որ ինքը Երևանում է գտնվում FIBA-ի հատուկ ծրագրի շրջանակներում, որն ուղղված է տարբեր երկրների, այդ թվում նաև՝ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ համագործակցության հնարավոր ուղիների ուսումնասիրմանը: «Պատրաստվելու է մանրամասն հաշվետվություն, որի հիման վրա էլ կմշակվեն ոչ միայն համագործակցության տարբերակները, այլ նաև ազգային ֆեդերացիաներին ցուցաբերվող աջակցության տեսակները»,- նշել է FIBA-ի ներկայացուցիչը:
Ետ գնալ