ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղի է ունեցել նախարար Հրաչյա Ռոստոմյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը

14 դեկտեմբեր 2016
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, տեղի է ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի տարեվերջյան ամփոփիչ ասուլիսը: 

Նախարար Ռոստոմյանը լրագրողներին է ներկայացրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող հիմնական ուղղությունները՝ ուղղված մասսայական սպորտին, մանկապատանեկան սպորտին, հավաքական թիմերի համալրմանը և երիտասարդական ոլորտին: 

Նախարարը խոսել է մասսայական սպորտի ոլորտում իրականացվող նոր ծրագրերի մասին, որոնց իրագործումը նախատեսվում է սկսել 2017 թվականին: Դրանք են՝ ՀՀ և ԼՂՀ հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-7-րդ դասարանների միջև անցկացվող սպորտլանդիաները, 8-12-րդ դասարանների միջև անցկացվող սպարտակիադան, հանրապետական ուսանողական մարզական խաղերը, ՀՀ գյուղական մարզական խաղերը, տարեցների հանրապետական խաղերը և պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը: «Սրանք 2017 թվականին մեկնարկող պետական ծրագրերն են, սակայն մեր նախարարության կողմից արդեն իսկ սկսվել և հաջողությամբ իրագործվում է սպորտի մասսայականացմանը և առողջ ապրելակերպին ուղղված մի նախագիծ, որը հնարավորություն է ստեղծել բոլոր ցանկացողների համար մասնակցել մեր հմուտ մարզիչների կողմից անցկացվող ամենշաբաթյա մասսայական մարզումներին: Նախագծի մեկնարկը տրվել է հոկտեմբեր ամսին՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, իսկ հիմա եղանակային պայմանների պատճառով մարզումներն անցկացվում են «Սպարտակ» մարզադահլիճում»,- նշել է նախարարը: 

Հ. Ռոստոմյանն արդրադարձել է նախարարության ենթակայությամբ գործող մարզադպրոցների օպտիմալացման միջոցով տնտեսվող միջոցների արդյունավետ օգտագործման անհրաժեշտությանը: «Սա նույնպես կարևորագուն ռազմավարական խնդիր է, որը, վստահ եմ, հաջողությամբ իրագործելու ենք՝ գտնելով տնտեսված ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման ուղիներ»,- փաստել է նա: 

Նախարարի խոսքերով՝ կանոնակարգման անհրաժեշտություն ունի արևելյան մարզաձևերի ֆեդերացիաների աշխատանքի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցը: «Սրան տրվելու է օրենսդրական լուծում: Այս գործընթացն ակնկալում ենք ավարտել հաջորդ տարվա 1-ին եռամսյակում»,- տեղեկացրել է Հ. Ռոստոմյանը:

Նախարարը պատասխանել է նաև լրագրողներին հուզող բազմաթիվ հարցերի:
Ետ գնալ