ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանը տարեվերջյան ասուլիսով ամփոփել է անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքները

22 դեկտեմբեր 2015
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, նախարարության դահլիճում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը:

Նախարարը ներկայացրեց ամփոփ տեղեկատվություն 2015 թվականին սպորտի բարձրագույն նվաճումների, մասսայական և մանկապատանեկան սպորտի, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում կատարված աշխատանքների, իրականացված ծրագրերի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների հետ համագործակցության և հատկապես՝ ՀՀ կառավարության կողմից ոլորտների զարգացման ռազմավարության մասին:

Նախարար Ղազարյանն առանձնացրեց հաշմանդամություն ունեցող անձանց և նախադպրոցական տարիքի երեխաների մասնակցությամբ կազմակերպված մրցաշարերը, նշելով, որ մասնավորապես ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող մարզական միջոցառումների ցանկում ավելացել են նաև «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» և «Լավագույն մարզական նախադպրոցական հիմնարկ» մրցումները։

Գ. Ղազարյանը խոսել է նաև այս օրերին նախարարությունում ընթացող ֆեդերացիաների ներկայացրած հաշվետվությունների, նրանց կողմից տարվա ընթացքում իրականացված աշխատանքների, գրանցած մարզական արդյունքների մասին: «Չթերագնահատելով մյուս մարզիկների աշխատանքը, հպարտությամբ պետք է նշեմ ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանին և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանին»,- խոսելով սպորտի բարձրագույն նվաճումների մասին ասել է նախարարը:

Նախարարը նշել է, որ 2015 թվականին սկսվել է իրականացվել գույքային ծրագիրը, որը շարունակվելու է նաև հաջորդ տարի: «Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գույք է տրամադրվում բոլոր մարզադպրոցներին՝ անկախ նրանց գերատեսչական պատկանելիությունից»,- տեղեկացրել է Գ. Ղազարյանը:

Նա խոսել է նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին և նշել, որ նախարարությունը սերտորեն համագործակցում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական ընդգծված դիրքորոշմամբ անհատ երիտասարդների, ինչպես նաև մարզպետարաններին կից գործող երիտասարդական խորհուրդների հետ: 

Հանդիպման ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ սերտորեն համագործակցության, ինչպես նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի ակտիվ ու անաչառ լուսաբանման համար մի քանի մարզական լրագրողներ արժանացան նախարարության շնորհակալագրերի:
Ետ գնալ