ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարար Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է 2016 թ. ընթացքում իրականացվող միջոցառումների ծրագրերը և գերակա խնդիրները

02 մարտ 2016
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ և ներկայացրել 2016 թ. գործունեության միջոցառումների և գերակա խնդիրների կատարման ընթացքը:

Նախարարը նշել է, որ իրականացվում են միջոցառումներ ինչպես երիտասարդական քաղաքականության, այնպես էլ ֆիզկուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման և այդ նպատակով իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: 

Նրա խոսքերով՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով իրականացվում է առցանց դրամաշնորհային ծրագիրը, որը նպաստում է երիտասարդական քաղաքականության իրագործման բոլոր փուլերում երիտասարդների մասնակցության ավելացմանը, նրանց քաղաքացիական ակտիվ դիրքորոշման ձևավորմանը: 

«Լուրջ աշխատանք է տարվում մանկապատանեկան սպորտի զարգացման ուղղությամբ, դա իրագործվում է իրավական և մեթոդական դաշտի կատարելագործման, նյութատեխնիկական բազայի համալրման միջոցով: Առաջ անցնելով ասեմ, որ հանրապետությունում գործող հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որն ուսումնասիրում է դպրոցներում առկա նյութատեխնիկական բազան, իրականացնում է լուրջ հետազոտություն, որի հիման վրա կկառուցվի աշխատանքների հետագա ծրագիրը»,- ասել է նախարարը: 

Նա խոսել է նաև հայկական ազգային կոխ ըմբշամարտի զարգացման խթանմանն ուղղված աշխատանքների մասին՝ ընդգծելով դրա՝ որպես մարզական և մշակութային ժառանգության կարևորությունը:

«Այս տարի արդեն 13-րդ անգամ է, որ պետք է տեղի ունենա ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագուն մարզական ընտանիք» մրցույթը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ տարեցտարի ավելանում է այդ մրցումներին մասնակցող ընտանիքների թիվը: Եթե 2004 թ. միջոցառմանը մասնակցել է 54 ընտանիք, ապա 2015 թ. մասնակից ընտանիքների թիվը արդեն 2065 էր, որոնց միացել են նաև հաշմանդամ ունեցող 19 ընտանիքներ: Սա և´ առողջ ապրելակերպ է, և´ սպորտի քարոզչություն, և´ ակտիվ հանգիստ, և´ հասարակությանը հաշմանդամների ինտեգրմանը նպաստող գործընթաց»,- նշել է Գ. Ղազարյանը և խոսել նաև 2017 թվականից սկսվող Երևան քաղաքում և հանրապետության բոլոր մարզերում կառուցվելիք նոր հրաձգարանների մասին, ինչը ռազմավարական կարևոր նշանակություն է ունենալու մեր երկրի համար: 

Նախարարը հատուկ անդրադարձել է հաշմանդամային սպորտին՝ ասելով, որ ՀՀ կառավարության գործունեության կարևորագույն ուղղություններից է այն մեծ ուշադրությունը, որ կա հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: «Այս նպատակով մենք սերտորեն համագործակցում ենք հաշմանդամների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ: 2015 թ. սկսած՝ իրականացվում է ՀՀ Նախագահի մրցանակի համար անցկացվող «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը՝ ուղղված այդ անձանց սոցիալական ինտեգրմանը և հաշմանդամային սպորտի զարգացմանը»,- եզրափակել է նախարար Ղազարյանը:
Ետ գնալ