ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի հետ

17 հոկտեմբեր 2017

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Բորիչիչին: Նախարարը ողջունել է հյուրին և տեղեկացրել, որ չնայած Հայաստանում առավել զարգացած են մենապայքարային մարզաձևերը, սակայն պակաս մասսայականություն չեն վայելում նաև խաղային մարզաձևերը: «Սկսել ենք անցկացնել բասկետբոլի հանրապետական առաջնություն։ Հուսով եմ, որ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նոր նախագահի արհեստավարժ աշխատանքի շնորհիվ կհասնենք այնպիսի մակարդակի, որ հնարավոր կլինի անցկացնել նաև վոլեյբոլի ներքին առաջնություն»,- ասել է Հ. Ռոստոմյանը

 

Ալ. Բորիչիչը նախարարին տեղեկացրել է եվրոպական կոնֆեդերացիայի կողմից հանրակրթական դպրոցներում վոլեյբոլի զարգացմանը միտված ծրագրի մասին, որը մեծապես կնպաստի մարզաձևի մասսայականացմանը: «Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, վոլեյբոլի Եվրոպայի կոնֆեդերացիայի և Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի եռակողմ համագործակցության շնորհիվ կկարողանանք հասնել լավ արդյունքների»,- նշել է հյուրը

 

Նախարար Ռոստոմյանը եվրոպական կառույցի ղեկավարին տեղեկացրել է, որ հանրակրթական դպրոցներում ծրագրի ներդրման վերաբերյալ համապատասխան նախագիծը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայից ստանալուց հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պատրաստ է ՀՀ կրթության և գիտության նախարարության, Երևանի քաղաքապետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սկսել քննարկումներ՝ այդ ծրագրի իրագործման շուրջ

Ետ գնալ