ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

«100 գաղափար Հայաստանի համար» ծրագիրը շուտով կամփոփվի

09 նոյեմբեր 2016
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը լրագրողներին ներկայացրեց «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի ամփոփիչ գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը: 

Ծրագրի պիլոտային փուլը մեկնարկել էր 2015 թ.-ին, որի հաջողությամբ պայմանավորված էլ 2016 թ.-ին մեկնարկեց ծրագրի վերջնական հաստատված տարբերակը՝ «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական երիտասարդական մրցույթ անվամբ: Ներկայացվել է 30 հայտադիմում (անհատներ, ստեղծագործական խմբեր, կազմակերպություններ և այլն): 

«Այսօր մեր իրականության մեջ մենք ունենք բազմաթիվ շնորհաշատ երիտասարդներ, ովքեր այս կամ այն ոլորտում ունեն որոշակի նորարարական մոտեցումներ: Հաճախ այդ գաղափարները, որոնց նկատմամբ թերահավատ ենք լինում, մնում են անարձագանք: Մեր ժամանակներում մրցունակ երկիր և տնտեսություն ունենալու առաջին գրավականը նորարարական գաղափարներն են: Այս ծրագրի միջոցով մենք փորձում ենք խթանել այն երիտասարդներին, ովքեր ունեն համապատասխան առաջարկներ և մշակումներ: Դրանք մի կողմից կարող են առևտրայնացվել, իսկ մյուս կողմից դառնալ հարթակ՝ նոր ոլորտներում նորարարական տեխնոլոգիաների զարգացման համար»,- նշեց պարոն Քարամյանը: 

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ձևավորվել է փորձագիտական հանձնաժողով, որում ներգրավված են ոլորտների առաջատար մասնագետներ: Մրցույթում ընդգրկվել են ոլորտային չորս անվանակարգեր՝ գյուղատնտեսական գիտություններ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, բժշկական և դեղագործական, ինչպես նաև տեխնիկական գիտություններ: 

Փոխնախարարը փաստեց նաև, որ մրցույթի հաղթողները 2018 թ.-ին մասնակցելու են ԱՊՀ երկրների համար իրականացվելիք համանման մրցույթին: Ըստ պարոն Քարամյանի՝ միջազգային այդ մրցույթում Հայաստանը պետք է ոչ միայն պատշաճ ներկայանա, այլև առաջնորդող դիրք ունենա, քանի որ մեր երկիրը միշտ էլ առաջանցիկ տեմպերով է առաջ շարժվել:

«Հետաքրքիր գաղափարներ կան, իսկ դրանք պետք է գնահատի հանրությունը: Այս մրցույթը երիտասարդների տաղանդը բացահայտելու անկյունաքարերից մեկն է: Ներկայացված 30 աշխատանքների շարքում, բնականաբար, կլինեն մի քանիսը, որոնք արդյունավետորեն կկիրառվեն նաև մեր պրակտիկայում: Մենք հետագայում նպատակ ունենք մրցույթը դարձնել համահայկական. չէ՞ որ Սփյուռքում նույնպես մենք ունենք մեծ ներուժ»,- ասաց պարոն Քարամյանը:

Թեմայի արդիականություն և նախագծի գործնական նշանակություն, մրցութային նորարարական նախագծի իրականացման իրատեսականություն, գաղափարի նորույթ կամ ներկայացված խնդրի լուծման մոտեցումների նորարարականություն, նախագծի հետազոտության նպատակների և խնդիրների հստակություն, տրամաբանական հիմնավորվածություն, դրանց հասնելու ուղիների հստակություն, ինչպես նաև թեմայի վերաբերյալ հեղինակային հայեցակարգերի և գործնական հանձնարարականների յուրօրինակություն. սրանք այն չափորոշիչներն ու մոտեցումներն են, որոնցով գնահատվելու են ներկայացված 30 աշխատանքները: 

«Սա երիտասարդների ներուժի բացահայտման ճանապարհներից մեկն է»,- ասում է պարոն Քարամյանն ու հավելում, որ ներկայացված 30 հայտը լավ ցուցանիշ է: Ըստ նրա՝ հաջորդ տարի ավելի շատ մասնակիցներ են հայտագրվելու և իրենց ուժերը փորձելու հանրապետական երիտասարդական այս մրցույթում, ինչի արդյունքում էլ, անկասկած, ծրագիրն իրականացնողներն ավելի լայն ընտրության հնարավորություն կունենան, և ավելի լավ գաղափարներ ի հայտ կգան:

Նշենք, որ մրցույթը կամփոփվի նոյեմբերի վերջին: Հաղթողների համար նախատեսված են նաև դրամական խրախուսումներ՝ 2 մլն դրամի չափով (4 անվանակարգ, յուրաքանչյուրին՝ 500.000 ական դրամ):
Ետ գնալ