ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարություն՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթի մասին

31 հունվար 2019
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է 2019 թվականի առաջին եռամսյակի դրամաշնորհային մրցույթ: 

Մրցույթի նպատակն է՝ երիտասարդական հասարակական կազմակերպությունների նախաձեռնությունների խթանումը և նրանց մասնակցությունը երիտասարդական քաղաքականության իրականացման բոլոր փուլերում: Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրվում են համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների հատկացման կարգը հաստատելու մասին» N 1937-Ն որոշման: 

Հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերի համար սահմանված են դրամաշնորհների ֆինանսական միջոցների հետևյալ չափաբաժինները. 

1. Մեկնարկային ծրագրեր. նախկինում պետական բյուջեից դրամաշնորհ չստացած կազմակերպությունների համար` մինչև 500.000 դրամ: 
2. Հիմնական ծրագրեր. նախկինում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից ֆինանսավորված և արդյունավետ կառավարելու փորձ ունեցող կազմակերպությունների համար` 500.000 դրամից մինչև 2 միլիոն դրամ: 

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում գրանցված երիտասարդական հասարակական կազմակերպությունները: 

Հայտերն ընդունվում են մինչև 2019 թվականի մարտի 5-ը ներառյալ մինչև ժամը 12:00: 

Հայտը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված առանձին ծրարով և էլեկտրոնային կրիչով: Ծրարում ներառված փաստաթղթերը պետք է կազմված լինեն բնօրինակից և մեկ կրկնօրինակից, որոնց վրա համապատասխանաբար գրվում են «բնօրինակ» և «կրկնօրինակ» բառերը: Հայտը ներկայացվում է մրցութային հանձնաժողովի քարտուղարին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երևան, Աբովյան 9, 227 սենյակ, 2-րդ հարկ (խնդրում ենք ներկայանալ անձնագրով և հանձնել անձամբ): 

Մասնակիցը չի կարող նույն մրցույթին ներկայացնել մեկից ավելի հայտ: Հայտերը գրանցվում են առանձին գրանցամատյանում` ըստ ստացման հերթականության` ծրարի վրա նշելով գրանցման համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը: Քարտուղարը մասնակցին տալիս է հայտն ընդունելու մասին տեղեկանք: 

Սահմանված կարգի պահանջներին ոչ համապատասխան ներկայացված հայտերը, ինչպես նաև հայտեր ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո տրված հայտերն առանց բացվելու մերժվում են և վերադարձվում դրանք ներկայացնողներին: 

Մասնակիցը մինչև հայտերը ներկայացնելու վերջնական ժամկետի ավարտն իրավունք ունի փոխելու կամ հետ վերցնելու իր հայտը: 

Հայտը փոփոխվում է ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը: 

Հայտերը բացվում են 2019 թվականի մարտի 5-ին ժամը 14:30-ին` հայտերի բացման նիստում: 

Մասնակիցը կարող է ներկա գտնվել հանձնաժողովի բացման նիստերին: 

Մրցույթի հրավերին ծանոթանալու համար կարող եք այցելել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքէջ՝ http://msy.am/haytararoutyounner/hraver-hayastani-hanrapetoutyounoum-gorts.html 

Մրցույթի հրավեր չստանալը չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի հայտը չընդունելու համար: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Համաձայն ՀՀ Կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 105-Ն որոշման 4-րդ կետի՝ ՀՀ Կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի № 441-Ն որոշումը ուժը կորցրած է ճանաչվել: 

Մրցույթի ֆորմալ պահանջներին բավարարելու համար կազմակերպությունը ծրագրային հայտի (ձևը կցված է) հետ միաժամանակ պետք է կցի` 

1. Ծրագրերի ապրանքների, ծառայությունների և աշխատանքների նվազագույն գները (միավորի արժեքը) որոշելու համար իրականացրած առնվազն 3 գնային հարցումները` ընտրելով ամենաէժան առաջարկված գինը: Գնային հարցում համարվում են Ձեր հարցման հիման վրա տրված գրավոր կնքված/ստորագրված (կնիքի բացակայության դեպքում) և ստորագրված պաշտոնական գնային առաջարկները կամ գնացուցակ (pricelist առկայության դեպքում), որը պետք է ներբեռնել էլեկտրոնային կայքէջերից: Գնային հարցումները չեն կարող համարվել իրականացված, եթե դրանք ներկայացվում են հղման տեսքով (link): Գնային հարցման արդյունքները հանդիսանում են ծրագրային հայտի հավելված, որը անհրաժեշտ է ներկայացնել ծրագրային հայտի հետ: 
2. Ծրագրի նախահաշիվը 
3. Ծրագրի իրականացման ժամանակացույցը 
4. Կազմակերպության կանոնադրությունը: 

Խնդրում ենք ծրագրային հայտի նախահաշիվը և ժամանակացույցը լրացնել հայտարարության հետ կցված ձևաչափում: Ձեր կողմից խմբագրված, ձևափոխված կամ այլ ֆորմատով լրացված համապատասխան ձևաչափերը համարվելու են ֆորմալ պահանջների խախտումներ: 

Ծրագրային հայտերի ներկայացման վերջնաժամկետից ուշ, ծրագրի մեկնարկի և ավարտի ժամկետի խախտմամբ, ինչպես նաև ծրագրերի ներկայացման վերոնշյալ ֆորմալ պահանջին չբավարարող ծրագրային հայտերը կմերժվեն, և էլեկտրոնային փոստով կտեղեկացվեն դիմումատու կազմակերպությանը: Ծրագրային հայտերի նախահաշիվների լրացման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ և պարզաբանումներ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, հեռ.՝ 011 54-69-31: 

Ծրագրերի իրականացման ժամանակ հասարակական կազմակերպությունները պարտավոր են համաձայն 2016թ.-ի դեկտեմբերի 16-ի «Գնումների մասին» ՀՀ օրենքի հոդված 2-ի Զ կետի՝ ծրագրի ծախսերն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի՝ իրականացվելիք գնումների վերաբերյալ պայմանագրերի կնքումց 7 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակման համար ներկայացնել հաշվետվություն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն:
Ետ գնալ