ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվելու մասին

07 հունիս 2017
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաքի հռչակման նպատակով 2017 թվականի մայիսի 6-ից հայտարարել էր մրցույթ: 

Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները: 

Մրցութային հայտը (այսուհետ՝ հայտ) քաղաքապետարանի կողմից ներկայացվում է քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավելի հայտ: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք: 

Մրցույթի նպատակներն են՝ 
ա) խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը. 
բ) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջև բարեխիղճ և գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական և հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում. 
գ) խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական և արդյունավետ մոդել. 
դ) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների և ենթակառույցների զարգացմանը: 

Մրցույթն իրականացվում է հետևյալ փուլերով՝ 
ա) դիմումների ընդունում, 
բ) քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms), 
գ) hայտերի փորձագիտական գնահատումներ` փորձագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրությունների արդյունքում: Հայտերը կազմվում են ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121-Ա/1 հրամանի № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից, և ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտե (այսուհետ՝ Կազմկոմիտե): Հայտին կցվում են քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաև աջակցության նամակներ: 

Մրցութային փաթեթը ներառում է՝ 
1) լրացված դիմում-հայտը (№ 3 հավելված), 
2) քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին՝ ներառելով № 4 հավելվածում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը և տեղեկատվությունը, կցելով համապատասխան լուսանկարներ և/կամ տեսանյութեր։ 

Հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հետ իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 300.000 ՀՀ դրամ), մարզային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 500.000 ՀՀ դրամ) (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը) և համապետական (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 700.000 ՀՀ դրամ) նշանակության` համաձայն ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121 Ա/1 հրամանի № 4 հավելվածում առաջարկվող ցանկի: 

Հաստատված ձևի խախտումներով և Կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում: 

Մրցույթի արդյունքները Կազմկոմիտեի կողմից կամփոփվեն մինչև 2017 թվականի սեպտեմբերի առաջին տասնօրյակը փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրության (sms) քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում: 

2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը քվեարկությամբ որոշվում է Կազմկոմիտեի անդամների կողմից: 

Հայտերն ընդունվում են մինչև 2017 թվականի հունիսի 15-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի նախագահ Ա. Քարամյանին և թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227):
Ետ գնալ