ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Նախարարության աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել են պահուստային կառավարման կետի ծավալման վարժանքները

10 հունիս 2015
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կառավարման պահեստային կենտրոնում նախարարության աշխատակիցների մասնակցությամբ մեկնարկել են պահուստային կառավարման կետի ծավալման վարժանքները, որոնք 2015 թվականի ընթացքում կանցկացվեն կառավարման այլ մարմիններում նույնպես: 

Վարժանքին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար անձինք՝ ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ կառավարությունից և այլ գերատեսչություններից: 

Նախարարության շտաբի պետ, նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը զեկուցել է զորավարժություններին մասնակցելու նախարարության պատրաստվածության մասին, նախարարներին և վարժանքին ներկա բոլոր մասնակիցներին մանրակրկիտ ներկայացրել է կառավարման պահեստային կենտրոնում անցկացվող գործողությունները: 

Ելույթներ են ունեցել նաև նախարարներ Ս. Օհանյանը և Գ. Ղազարյանը, որոնք իրենց խոսքում նշել են զորավարժությունների կարևորությունը՝ 2015 թվականին նախատեսված պաշտպանական համակարգի կատարելագործմանը միտված ռազմավարական միջոցառումների շարքում: Նախարարները համակարծիք են եղել, որ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը պարտավորեցնում է մշտապես գործել համակարգված, փոխկապակցված և ռազմավարական օրենքներին համապատասխան: 

Վարժանքի ավարտին անցկացված խորհրդակցության ընթացքում ամփոփվել են մարզումների արդյունքները, տրվել են լրացուցիչ հանձնարարականներ:
Ետ գնալ